Saturday, October 3, 2009

Սփյուռքի անցյալը, թե՞ Հայաստանի ապագան

Ամբողջովին կիսելով մտահոգությունները՝ կապված ստորագրվելիք արձանագրությունների հետ, անհնար է հասկանալ այն ծայրահեղականությունը, որով ընդդիմանում են սահմանի բացմանը տարբեր կազմակերպություններ՝ ի դեմս Դաշնակցության, Հայ դատի և այլ «հայաստանախույս» միավորումների:
Հաճախ նույն դաշնակցությունը խոսում է սահմանները բացելու «գնից», ավելի ճիշտ՝ դրա թանկությունից:

Իհարկե՛ պետք է ինչ-որ գին վճարել սահման բացելու համար: Եթե որևէ մեկին թվում է, թե ամեն ինչ աշխարհում կախված է միայն հայերի ցանկությունից, ապա դա մեղմ ասած՝ այդպես չի: Կամ էլ՝ եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ լավ ցանկություններ չեն մեր ցանկությունները: Վերջ ի վերջո, երբ ասվում է «առանց նախապայմանների», ապա պետք է հասկանալ, որ Թուրքիայի համար էլ որպես «նախապայման» կարող է դիտվել, օրինակ, ցեղասպանության ճանաչման պահանջը: Եվ բոլորովին դժվար չի լինի մնացած բոլոր «ոչ հայերին» ապացուցել դա՝ Օբամայից սկսած:

Պե՛տք է վճարել: Բայց տվյալ դեպքում վճարվելիքը տարբեր երկրների կողմից ցեղասպանության ճանաչման դանդաղեցումը կամ դադարեցումը չէ. «ճանաչել-չճանաչելուց», անկեղծ լինենք, ամեն երկիր սեփական շահերից ելնելով է անում, իսկ սփյուռքի հայերին էլ խոսքը հասնում է միայն այն հերթին, ինչ հերթ որ ապահովում է համայնքի քանակը ընտրություններին:

Սահման բացելու դիմաց մենք վճարելու ենք մեր այն դատարկ գոռոզամտությամբ, թե «մենք բոլորից լավն ենք», «ինչ ասես՝ կարանք անենք» և այլն: Պետք է պատրաստ լինել իրականում, գործով , ինքներս մեզ վրա աշխատելու ու զարգանալու ունակությամբ ցույց տալ, որ մենք լավն ենք, մենք կարող ենք, մենք արժանի տեղ ունենք աշխարհում: Ահա այս «գինը» ես անձամբ և կարծեմ թե հայաստանցիների մեծամասնությունը ՀԱՃՈՒՅՔՈՎ պատրաստ է վճարելու: Եվ պետք չէ հայրենասիրություն խաղալ և կարիերա ապահովել ժողովրդի մի հատվածի մոտ այնուամենայնիվ գոյություն ունեցող այս բարդույթի հաշվին:
Եթե այդ «գնի» մեջ մտնում է նաև գոյություն կամ իրավական ուժ չունեցող ինչ-որ պայմանագիր, ապա դա էլ կարելի է «հանգիստ խղճով» վճարել սահմանի բացման դիմաց:
Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը, եթե նույնքան կարգին նախագահ լիներ, ինչքան «կարգին կազինոյի այցելու», ապա կարող էր այս վերջին «վճարը» որպես պարգևավճար (чаевые)ներկայացնել ամբողջ աշխարհի առաջ: Ու այ այս բանում սփյուռքն էլ, տեղի ազգայիններն էլ կօգնեին նրան:

No comments:

Post a Comment