Saturday, October 10, 2009

Վանոյի բանաձևը

Դժվար է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանը կգնար թուրք-հայկական արձանագրությունների ստորագրմանը առանց պայմանավորվածություն կամ գոնե հաշվարկ ունենալու ձևավորվող լայն ընդդիմությունից որևէ մեկի վրա: Այլապես բավական է Կոնգրեսի ու Դաշնակցության՝ նույնիսկ ձևական ու պատահական միավորումը իշխանափոխության հարցում, և ամեն ինչ անկառավարելի կդառնար:

Ընդդիմության ո՞ր կողմի վրա է հաշվարկել կամ ու՞մ հետ է պայմանավորվել Սարգսյանը՝ դա թերևս մի քանի հոգի պետք է որ իմանան: Հաշվի առնելով, որ ընդդիմադիր երկու թևերից Կոնգրեսն է ավելի կառավարելի՝ անվիճելի ու փոքր թվով առաջնորդների միջոցով, ավելի հավանական է թվում հենց Կոնգրեսի հետ համագործակցությունը:
Ակամայից հիշեցի Վանո Սիրադեղյանի՝ 2006 թ.-ին տված հարցազրույցից մի հատված, երբ Սիրադեղյանը այսպիսի որակական ու քանակական բաժանում էր առաջարկում քաղաքական ուժերի միջև.

«...պարզաբանեմ, թե ո՞ւմ նկատի ունեմ հայաստանակենտրոն ուժ ասելով: Բոլոր այն ուժերը, ովքեր հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային, ընկերային, գիտական գործունեության կենտրոնը համարում են Հայաստանը: Ոչ թե Հայաստանը ու նաեւ Բեյրութը, Հայաստանը եւ Լոսը, չգիտեմ էլ ինչ գաղութ, այլ հենց Հայաստանը: Եզակիորեն Հայաստանը: Քաղաքական եւ հանրային կյանքի ակտիվ մասնակիցների գերակշիռ մասը այս գաղափարին համապատասխանում է: Բացի Դաշնակցությունից` իր հայդատական արբանյակներով հանդերձ: Եթե պայմանավորվում ենք, որ մարդ-կուսակցությունները չենք թվարկելու, այդ ազգային ճակատը ինձ պատկերանում է այսպես. «Հանրապետություն», Հանրապետական, ՀԺԿ, ՀՀՇ: «Օրինաց երկիրը» եւ ԱԺՄ-ն` որոշ վերապահումներով: Վերապահումը հայդատական բռնկումների մասով: Եւ դուրս մնացածներն էլ, ի դեպ, դառնում են լուրջ ընդդիմություն»:

Նկատենք, թե ինչպիսի թվաբանական ճշգրտությամբ է համապատասխանում Վանոյի «հայաստանակենտրոն ուժ» ձևակերպանը «Կոնգրես+ ստորագրմանը կողմ ուժեր» բանաձևը: Տարբերությունը միայն նոմենկլատուրային է՝ այսօր գործող անվանումների հետ կապված: Դե իսկ որակական տարբերակման համընկնումն ակնհայտ է՝ հայդատական և հայաստանակենտրոն:

No comments:

Post a Comment